ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

Հաղթում են իրենց ծունկն իրենց հենարան դարձնողները

Հաղթում են իրենց ծունկն  իրենց հենարան դարձնողները
18.06.2012 | 23:57

Այսօր կայանալիք Անգլիա-ՈՒկրաինա և Շվեդիա-Ֆրանսիա խաղերից հետո վերջնականապես հայտնի կդառնան «Եվրո-2012»-ի մեկ քառորդ դուրս եկած բոլոր հավաքականների անունները, հետո մեկ օր դադար կառնենք` շունչներս տեղը բերելու համար, որ նորից նստենք էկրանների առաջ` պարզելու` ով ով է:
Այսքանը` այսօրվա ու վաղվա մասին:


Սակայն այսօրն ու հետագան թողնենք մի կողմ, որովհետև մինչ այդ եղել են բաներ, որոնց ոչ միայն չէր խանգարի քննախույզ հայացք ձգել, այլև պարտադիր է: Դրանցից մեկի մասին մենք արդեն խոսել ենք: Նկատի ունեմ թիմերի երկրպագուների պահվածքը, եթե, իհարկե, դա ֆուտբոլի հավատավորի պահվածք կարելի է համարել` լավ էլ իմանալով, որ այդպես միայն ու միայն քո սիրելի թիմին ես հարվածում: Այստեղ, թերևս, արժե հիշել ու հիշեցնել, որ մարդկությունը բավական երկար ժամանակ է ծախսել ծառերից իջնելու վրա, և նորից հետընթացը միացնելու իմաստը պարզապես չկա:
Ի դեպ, այդ հետընթաց կոչվածը դիտարկելի է երկու հարթությունում:
Եթե այն բնազդայինի դրսևորում է, վա՛տ է, ինքնի՛ն վատ է ու ցավալի, իսկ եթե մտածվածի` կանխամտածվածի, նախապես պլանավորածի արտահայտություն է, ոչ միայն շատ ավելի վատ է, այլև սարսափելի: Այս թեման, հարկավ, մղում է կենսական աստառ ունեցող փիլիսոփայական մտորումների ու ընդհանրացումների, սակայն եկեք չծավալվենք, մանավանդ որ առջևում դիտարկելիք այլ խնդիրներ ունենք:
Եվ այսպես, թիմերի մրցելույթները:
Ինչպես հայտնի է, նախընտրական «հայաստանյան» խմբի երկու թիմերն էլ` Ռուսաստանն ու Իռլանդիան, եզրափակչի խմբային փուլում ավարտեցին մրցելույթները ու, այսպես ասենք, իրենց «պատմական» առաքելությունը կատարած, վերադարձան տուն (Իռլանդիան այսօր կվերադառնա): Այստեղ զուտ բարեկամաբար պիտի խնդրեմ հեգնանք չտեսնել ասածիս մեջ (հավատացի՞ք) ու նյարդեր անտեղի չփչացնել` հիշելով մեր մեծահոգի… ստրկամտությունը:
Ինչը նկատի ունե՞մ:
Հենց թեկուզ այն, որ նախընտրական փուլում Ռուսաստանի ընտրանուն այստեղ ընդունելուց ուղիղ մեկ ամիս առաջ հայաստանյան ֆուտբոլային աշխարհի պետերն ու ծետերը աջ ու ձախ հոխորտում էին ռուսներին խեցգետինների ձմեռելու տեղը ցույց տալու մասին, հասարակ մահկանացուներս էլ սկսել էինք հավատալ մեր միամտության վրա բարոյական ու էլի շատ գիտեմ, թե ինչ կապիտալ հավաքողներին` անսալով մեր միջի սթափ նայողին, ով իր թերահավատությունը հստակ ձևակերպել էր` «Ո՞վ թույլ կտա» հարց-քմծիծաղով:
Այդ հարց-բանաձևումի մեջ ռեալ տրամաբանություն կար:
Հայաստանից տանելիք մեկ միավորը կենսական խնդիր էր հյուսիսի մեր հզոր հարևանի համար, որպես տերություն: Եթե հիշում եք, հանդիպումից երկու-երեք օր առաջ քարոզչության հմուտ ձեռքով ապագա խաղի հաշիվը նրբորեն փոխակերպվեց «Շահում է եղբայրությունը», թե՞ «Շահում է հավասարությունը» լոզունգի (ծեր արյուն ենք, կարող է բառերը մեկը մեկին չհիշենք, սակայն ասելիքի մեջ կարևորը գիտակցություն լղոզող բովանդակությունն է), գրկեց փողոց ու հրապարակ, մտավ տուն, դարձավ գիտակցություն:
Հանդիպման 0:0 հաշիվն այն ժամանակ, պիտի որ հիշեք, մեր տխրած փողոցներից հորդեց ռուսական զանգվածային լրատվամիջոցներ` «спасибо, братцы армяне» տեսքով ու, ճիշտ ասած, այդ գետնատարած շնորհակալությունից իմ փուխր սիրտն էլ տեղի տվեց, թեպետ ողջամտությունս անընդհատ կրծում էր հոգիս, թե ավելի լավ չէ՞ր լինի, եթե «братцы армяне»-ի տեղը ռուսական հանգի մի ուրիշ` թունդ խոսք լսեինք ու «братцы русские»-ների փոխարեն մենք գնայինք Եվրոպա:
Գուցե մենք ավելի լա՞վ խաղայինք: Հը՞: Ի՞նչ կարծիքի եք:
Եթե «թռնեինք» էլ, հերն անիծած: Կասեինք` առաջին անգամ ենք Եվրոպայի առաջնության եզրափակիչի կողմերը, իսկ առաջին անգամվա մասին հենց թեկուզ միայն հանապազօրյա սիրո ու հացի մասով, եթե բազմիցս էլ չեք լսել, գոնե սևակյան բանաստեղծական ձևակերպումը ջուր արածի պես մարսած կլինեք: Այնպես որ` չցիտեմ:
Անցած օրերի մի մուռս էլ հանեմ ու նոր անցնեմ մնացածին:
Խոսքս Գոնսալեսի մասին է: Դե հիշեցիք էն… լավ տղին: Բա հիմա չդառնա՞մ ու ասեմ` ո՞ւր էիր, մեր տղա, գայիր իռլանդացիների մեջքին մի անգամ էլ կանգնեիր, թե չէ համացանցն առել, տևական ժամանակ մեջտեղ էիր ընկել, թե հայերն իմ մասին շատ բան են գրում, ափսոս լեզուն չգիտեմ, որ կարդամ: Մի անգամ ասել եմ, էլի ասեմ. «Չհասկանալու ի՞նչ կար համացանցում էդ գրվածներում: Հայերը քո կողմնակալ մրցավարության արդյունքի հետևանքների մասին (իմա` իռլանդացիների «թռնելու») էն գլխից էին իմացել, պարզապես, լինելով մի քիչ տաքարյուն, մի քիչ շուտ բռնկվող ազգ, դուզ խոսքը կենտրոնաշեղ հասցեականությամբ էին շրմփացրել ճակատիդ: Չնայած` ինչո՞ւ կենտրոնաշեղ: Լավ էլ տղամարդուն վայել դիպուկ նշանառությամբ»:
Այսքանը` Եվրոպայի առաջնություն «հայաստանյան» խմբից գործուղվածների խաղացած ֆուտբոլի հաշվով` ուղղակի ու անուղղակի, բայց դե իրենց կամային բարձր հատկանիշների համար եկեք պատշաճը մատուցենք չեխերին ու հույներին ու արդեն իրենց իմանալիքին թողնենք մեկ քառորդում ինչպես խաղալ-չխաղալու հարցը:
Դառնանք մյուսներին:
B խմբում, ինչպես A-ի պարագայում էր, հնարավոր բոլոր տարբերակներն էլ կային: Մանրամասների մեջ չեմ մտնում, որովհետև թերթի կայքէջում տեղը տեղին ամեն ինչ ասել եմ: Եվ այդուհանդերձ պիտի դառնամ ու հիացքս երկրորդեմ Պորտուգալիայի ընտրանու հասցեին, ով «տղայականով» դրեց ու լուծեց Հոլանդիայի հարցերը` իրեն չհանձնելով ինչ-որ մեկի լուծելիքի կամ չլուծելիքի ողորմածությանը: Այսպես վարվում են իսկապես ուժեղները, իսկ Պորտուգալիան ապացուցեց, որ ուժեղ է: Ի դեպ, այդ խաղում իրեն փայլուն դրսևորեց Քրիշտիանու Ռոնալդուն, ով նախորդ երկու խաղերում անգամ իր դժգույն ստվերը չէր հիշեցնում: Պիտի արժանին մատուցել նաև Գերմանիայի ընտրանուն, թեպետ պրոֆեսիոնալներն իրենց այլ կերպ չեն էլ պահում: Ահա թե որն է գերմանական ֆուտբոլի գաղտնիքը, որն է Գերմանիայի ֆուտբոլ ունենալու գաղտնիքը: Ինչևէ: Ավելացնենք միայն, որ իրենց իսկ ստեղծած տառապանքի դիմաց պորտուգալացիները «նվեր» ստացան չեխերին, գերմանացիները` հույներին:
Ինչ վերաբերում է C խմբի Իսպանիա-Հորվաթիա, Իտալիա-Իռլանդիա խաղերին, այդ մասին նյութը գրելու պահի դրությամբ ոչինչ չենք կարող ասել, թեպետ հետաքրքրվողները կայքէջից կարող են քաղել իրենց ուզած տեղեկությունը, որն օպերատիվորեն զետեղում ենք թերթի էլեկտրոնային տարբերակում: Այնպես որ, ֆուտբոլասերը խոշոր հաշվով կորցնելու բան չունի, թեպետ թերթը ձեռքում զգալն էլ մի ուրիշ կարգի հաճույք է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4569

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ